Զարգացած հասարակության ցուցանիշը նախևառաջ գիտակից վերաբերմունքն է շրջակա միջավայրի և բնության հանդեպ: Մարդու և բնության ներդաշնակ հարաբերությունը վկայում է առողջ հոգեբանության, սկզբունքային մոտեցումների և խորը գիտելիքների մասին` նախանշելով հուսադրող ապագա:
Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այն միջավայրի համար, որտեղ ապրում է: Այս սկզբունքով է ծավալում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործունեությունը, և մասնավորապես իր կրթական ծրագրերով նախևառաջ փորձում է հանրության մեջ սերմանել հիմնավոր գիտելիքներ բնության և շրջակա միջավայրի վերաբերյալ: Հիմնադրամի ծրագրերը տարբեր տարիքի տեր մարդկանց համար են, սակայն հատկապես պատանիների և երիտասարդների, ովքեր աշխարհը ճանաչելու, ուսումնասիրելու իրենց փորձերում կարիք ունեն ուղղորդող խորհուրդների և հիմնավոր գիտելիքների: Այս նպատակով է նաև ծավալվել հիմնադրամի առանձնահատուկ ծրագրերից մեկը` “Կանաչ Ավտոբուսը” : Երեխաների կողմից արված գունեղ նկարազարդումներով ավտոբուսը հունիս- հուլիս ամիսներին կշրջի մեր երկրի մոտ ու հեռու մարզերով ու գյուղերով` դառնալով յուրահատուկ այլընտրանքային “գրադարան” և “կինոթատրոն” : Զինված բնության և շրջակա միջավայրի մասին արժեքավոր գրականությամբ և հետաքրքիր ֆիլմերով` այն հնարավորություն կտա անգամ ամենահեռավոր գյուղերում ապրող բազմաթիվ դպրոցականների ու երիտասարդների ամ
ռան ընթացքում մեկտեղել հաճելին և օգտակարը. “Կանաչ Ավտոբուսն” իր ամեն մի կանգառում կկայանի երեք օր` դպրոցականներին ու երիտասարդներին գրադարանային սկզբունքով տրամադրելով բնության մասին հարուստ գեղարվեստական և տեսական գրականություն, ինչպես նաև այդ օրերին հատուկ էկրանի շնորհիվ տեղի ակումբներում կամ դպրոցներում կցուցադրվեն բնության վերաբերյալ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, որոնց կհետևեն քննարկումներ, բանավեճեր: Իսկ “Կանաչ Ավտոբուսի” անձնակազմը երեխաների հետ կանցկացնի նաև բնապահպանական ինտերակտիվ խաղեր և ուսուցում:
Ավտոբուսն իր երթը կսկի խորհրդանշական օրով` հունիսի 1-ին`Երեխաների պաշտպանության օրը: Ուղղությունը` Տավուշի մարզ, որտեղ կկայանի Իջևան և Նույեմբերյան քաղաքներում, այնուհետև Ազատամուտ, Ոսկեպար, Բաղանիս, , Բագրատաշեն և Բերդավան գյուղերում: Հունիս ամսվա ընթացքում այն կմեկնի նաև Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր:
Այս յուրօրինակ և խիստ արդիական ծրագիրը իրականություն է դարձել Վայրի բնության և մշակությաին արժեքների պահպանման հիմնադրամի, իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան, “Գերմանական տեխնիկական համագործակցություն” (GTZ) կազմակերպության, ԵԱՀԿ-ի զգալի աջացությամբ:
Բազմաթիվ կառույցներ, այդ թվում` Հայաստանում Բրիտանական խորհուրդը, ԱՄՆ դեսպանատունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը, Հազարամյակի Մարտահրավերներ Հայաստան ՊՈԱԿ-ը, Բնապահպանության նախարարության Օզոնի Ազգային կենտրոնը, անհատ փորձագետ Վռամ Թևոսյանը, “Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի” հասարակական կազմակերպությունը սիրով “Կանաչ Ավտոբուս”-ին են տրամադրել գրքեր, գրենական պիտույքներ , կրթական ծրագրերի համար նախատեսված տեխնիկական միջոցներ:
“Կանաչ Ավտոբուսը” էկոկրթության ժամանակակից, այլընտրանքային, ինտերակտիվ տարբերակ է, ամառային արձակուրդների ձանձրույթը հետաքրքիր և արդյունավետ զբաղմունքով փոխարինելու հրաշալի հնարավորություն: