«Արևորդու» մասին

«Արևորդին» Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ստեղծած բրենդն է, որի ներքո Հիմնադրամն իրականացնում է կրթական և տեղեկատվական նախաձեռնություններ: Այս ոլորտի հիմնական նախագիծը «Արևորդի» էկո-ակումբների ցանցն է: 2006թ.-ից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը բնապահպանական կրթության ցանց է հիմնել Հայաստանի մարզերում: Կրթական նպատակն է դաստիարակել նոր սերունդ` բնապահպանական խնդիրներ վերհանելու ու դրանց համար լուծումներ գտնելու կարողությամբ: Ներկայումս Հայաստանի տարբեր մարզերում գործում է 9 «Արևորդի» էկո-ակումբ: «Արևորդի» էկո-ակումբները անկախ հաստատություններ են, որ արտադպրոցական անվճար բնապահպանական կրթական ծրագիր են առաջարկում 12-ից 16 տարեկան պատանիներին: Ակումբի անդամների թիվը ներկայումս հասնում է 600-ի:

Բացի «Արևորդի» էկո-ակումբների ցանցից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի կազմակերպիչն է: Այս իրադարձությունը տեղի է ունենում 2007թ.-ից ամեն երկու տարին մեկ անգամ և կովկասյան տարածաշրջանում միակ բնապահպանական փառատոնն է: Փառատոնը բնապահպանական խնդիրների շուրջ երկխոսության ու քննարկումների յուրահատուկ հարթակ է: Նախագիծը ներառում է բնապահպանական ֆիլմերի մրցութային ծրագիր, բնապահպանական խնդիրների շուրջ հանրային քննարկումներ, ինչպես նաև համաժողովներ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Տարիների փորձ ունենալով ֆիլմերի ու մեդիայի ոլորտում` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից 2010թ. հիմնվեց «Արևորդի» հեռուստատեսությունը, որն առաջին ինտերակտիվ, «ռեալիթի» ձևաչափի բնապահպանական հեռուստահաղորդումն է ողջ Անդրկովկասում: Թիրախային հիմնական լսարանը պատանիներն ու երիտասարդներն են: Հաղորդումը հեռարձակվում է վեբկայքով, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ` շաբաթական մեկ անգամ:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հիմնվել է 2001թ.-ին` բնապահպանական ֆիլմերի ռեժիսոր Ռուբեն Խաչատրյանի կողմից: Հիմնադրամի հիմնական նպատակն է Հայաստանի բնապահպանական խնդիրների շուրջ հասարակության իրազեկման բարձրացումը: Հետամուտ լինելով այս նպատակին` Հիմնադրամը մշակում և իրականացնում է բնապահպանական կրթության, համայնքային մասնակցության, վայրի բնության պահպանության նախագծեր: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագծերի հիմնական առանձնահատկությունը կայուն մոտեցումն է: Հիմնադրամը մշակում է նախագծեր` անսահմանափակ ժամանակային շրջանակներով, և մեկ անգամ հաջողված նախագիծն արդեն շարունակական բնույթ է ձեռք բերում:

2001թ.-ից մինչ օրս գործող հիմնադրամն այժմ Հայաստանի ամենախոշոր բնապահպանական կազմակերպությունն է: Հիմնադրամի գործունեության համար նախատեսված ծախսերի մեծ մասը (80%) տրամադրվում է հայկական մասնավոր հատվածի կողմից. մի շարք տեղական ձեռնարկություններ աջակցում են կազմակերպությանը Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում:

Նախագծերի իրականացման շրջանակում Հիմնադրամը համագործակցում է տարբեր ոլորտների (մեդիա, բնապահպանկան իրավունք, կենսաբազմազանություն) մասնագետների հետ: Ավելին, Հիմնադրամը սերտ համագործակցության մեջ է Հայաստանի բոլոր մարզերի տեղական շահառուների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների (այդ թվում` GTZ, ԵԱՀԿ, UNICEF) և ՀՀ պետական հաստատությունների (Կրթության Ազգային ինստիտուտ, Բնապահպանության նախարարություն) հետ: