Ինն ամսական արջը փրկվեց թակարդից


18.11.2014

Հոկտեմբերի 16-ի երեկոյան Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները միացան ԱԻՆի փրկարարների թիմին՝ փրկելու թակարդ ընկած հերթական արջին: Վերջին երեք ամիսների ընթացքում սա երրորդ նմանատիպ դեպքն է, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

Այս անգամ արջը ծուղակում էր հայտնվել Վայոց ձորի Գոմք գյուղում: Տեղաբնակներից մեկի այգում տեղադրված թակարդն ինն ամսական կենդանուն զրկել էր տեղաշարժվելու հնարավորությունից:

Փրկարարներն արջին թմրեցնող դեղամիջոց ներարկեցին և կենդանուն որոգայթից ազատելով ՝ տեղափոխեցին նրան Արտավանի անտառ: Ուշքի գալով՝ քոթոթը շարժվեց դեպի անտառի խորք: Մեծ է հավանականությունը, որ այնտեղ նա միացավ մորը. վայրի բնության մայր արջը ձագերին խնամում է մինչև մոտ մեկ տարեկան: 

Հոկտեմբերին Ծաղկաձորի «Թփուտներ» ռեստորանից փախած արջի միջադեպը, սակայն, պակաս լավատեսական ավարտ ունեցավ: Մեր փրկարար թիմի ջանքերով վնասազերծված արջը վերադարձվեց ռեստորանի իր վանդակը: Նրա ճակատագիրն այս պահին մնում է անհայտ: