Հայաստանի բանտարկված արջերը


04.11.2014

Հոկտեմբերի 21-ի առավոտյան Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները միացան փրկարարների թիմին՝ փնտրելու երկուս ու կես տարեկան մի արջի, որը փախել էր Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» ռեստորանում գտնվող իր վանդակից:

Աչոն անունով արջը, վանդակից դուրս գալով, շարժվել էր դեպի անտառ: Նրա խնամողն օգնության էր դիմել՝ կանխելու համար հնարավոր վտանգը, որ ազատություն ստացած արջը կարող էր հասցնել տեղաբնակներին:

Փրկարարների թիմի հետ դեպքի վայր ժամանած Երեւանի կենդանաբանական այգու եւ հիմնադրամի փորձագետները կարճ ժամանակ անց վնասազերծեցին արջին՝ թմրեցնող ներարկման միջոցով: Քնած կենդանին տեղափոխվեց ռեստորանի տարածքում գտնվող իր վանդակը:

Հայաստանում մասնավոր վայրերում եւ անհայտ պայմաններում վայրի կենդանիներ պահելն արգելվում է օրենքով: Այնուամենայնիվ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, տարեկան ավելի քան 150 արջեր ծուղակների եւ որսագողերի զոհ են դառնում: Նրանցից շատերը պահվում են մասնավոր հաստատություններում՝ որպես զվարճանքի առարկա եւ սոցիալական կարգավիճակի խորհրդանիշ: