27.12.2014

Պարույր Սևակի բնակիչներն արևային էներգիա կօգտագործեն


Դեկտեմբերի 23-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ներկայացրեց Արարատ մարզի Պարույր Սևակ գյուղի նախակրթարանում տեղադրված  արևային ջրատաքացուցիչ ժամանակակից համակարգը: Նախագիծն իրականացվել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում: 

Պարույր Սևակ գյուղը, որը նախկինում ունեցել է Սևակավան անվանումը, հիմնադրվել է 1978 թ.-ին և ունի 577 բնակիչ: Գյուղի բնակչությունը գաղթել է տարբեր հարակից համայնքներից, ինչպես նաև Ադրբեջանից: 

Արևային ջեռուցման և ջրատաքացուցիչ համակարգն ունի ջրատաքացուցիչ 2 կոլեկտոր, յուրաքանչյուրը՝ վակուումային 30 խողովակով (ընդհանուր՝ 60 հատ): Հայաստանում, ի դեպ, 70մմ տրամագծով վակուումային խողովակներն առաջին անգամ են գործարկվում (մինչ այժմ շահագործվող խողովակների տրամագիծը չի գերազանցել 58մմ-ը) և առավել արդյունավետ են: 

Նախակրթարանում տեղադրված արևային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Այս համակարգը ձմռանը 50-60%-ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: Ծրագրի շնորհիվ սպասվում է նաև նախակրթարան հաճախող երեխաների քանակի աճ: