24.12.2014

Ջրի ապահովում Արազափ գյուղի բնակիչների համար


Արազափի ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 60-ականներին: Ցանցի երկարատև շահագործման հետևանքով թուջե խողովակները շարքից դուրս են եկել, իսկ հնացած ենթակառուցվածքները հանգեցրել են մի շարք խնդիրների: Ջրի ցածր ճնշումը սահմանափակել է գյուղացիների՝ համակարգից օգտվելու հնարավորությունը: Ջրատար խողովակների մասնակի վերանորոգման աշխատանքներն այլևս արդյունք չեն տալիս և ֆինանսական տեսանկյունից արդարացված չեն: Իսկ համայնքային բյուջեով աշխատանքներ իրականացնելն իրատեսական չէ: 

Արազափի ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման նպատակով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ը, և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) սկսել են ծրագիր իրականացնել: 18,2կմ ջրագծի ներքին ցանցից անցկացվել է 15կմ երկարությամբ նոր՝ գրեթե կորուստ չտվող պոլիէթիլենային ջրատար խողովակաշար: 90 %-ով ավարտվել են նաև հողային և ջրագծի մոնտաժման աշխատանքները: 

Առաջիկայում կցանկապատվի պոմպակայանի սանիտարական գոտու տարածքը, կտեղադրվեն ջրաչափեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը: Նոր պոմպի և ջրաչափերի տեղադրման գործընթացից հետո ջուրը սպառողներին կմատակարարվի հավասարաչափ և շուրջօրյա: 

Եռակողմ համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագրի արդյունքում 2015-ի գարնանը խմելու ջրի խնդիրը լուծում կստանա Արմավիրի մարզի՝ Լուկաշին, Արազափ և Տավուշի մարզի՝ Բերքաբեր և Արծվաբերդ գյուղերում: Ծրագրի արդյունքից օգտվելու է նշված չորս գյուղի մոտ 6800 բնակիչ: