29.04.2015

Երկրի օրվան նվիրված ծառատունկ Ուրցաձոր համայնքում


Ապրիլի 22-ին` Երկրի օրը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում իրականացրեցին ծառատունկ: Օրվա խորհուրդը Երկիր մոլորակը պահպանելն ու կանաչ ապրելակերպ խրախուսելն էր:    

Սկսած 2011թ.-ից Կովկասյան կենսաբազմազանության տարածքում տնկվել է ավելի քան 2000 ծառ, որին այսօր ավելացան ևս 1000 պտղատու վայրի տեսակներ:  

«Չնայած անբերանպաստ պայմաններին,  գոհ ենք արդյունքներից. այսօր ունենք  ծառերի 60-90 կպչունակություն, ինչը լավ ցուցանիշ  է անջրդի, բարձրադիր գոտիների համար»,-նշել է հիմնադրամի կենսաբազմազանության ծրագրերի համակարգող Մանուկ Մանուկյանը: 

Հաշվի առնելով անջրդի տարածքն ու ծառերի խնամքի հետ կապված  ակնկալվող դժվարությունները, նախքան ծառատունկը հիմնադրամի մասնագետներն իրականացրել են կաթիլային  ոռոգման համակարգի  տեղադրման և ընդլայնման, ինչպես նաև ենթակառուցվածքային լայնածավալ շինարարական աշխատանքներ:

Ծառատնկման աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև համայնքը, հատկապես նախապատրաստական և տնկման փուլերում:

Ծառատնկման աշխատանքներ կշարունակվեն մինչև աշուն` միայն 2015թ. համար ապահովելու լրացուցիչ 5000 վայրի պտղատու ծառերի տնկումը տարածքում: