24.02.2015

FPWC-ն մեկնարկեց վայրի կենդանատեսակների ապօրինի վաճառքին նվիրված դասընթացը


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ՀՀ Բնապահպանության նախարարության և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի հետ համատեղ, փետրվարի 23-ին մեկնարկեց «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES, 1975) դրույթների կիրառման վերաբերյալ դասընթաց

CITES 2008-2013թթ. ուսումնասիրության մեջ Հայաստանը հիշատակվում է որպես վայրի կենդանատեսակների ապօրինի առք ու վաճառքի տարանցիկ երկիր: 

Վայրի բնության ապօրինի առևտուրը՝  թրաֆիքինգից,  թմրամիջոցների վաճառքից և կեղծարարությունից հետո աշխարհում 4-րդ անօրինական բիզնեսի տեսակն է: 

Հայաստանում առաջին անգամ անցկացվող CITES դասընթացը կազմակերպվել է՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ Բնապահպանության նախարարության և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Հնգօրյա դասընթացի նպատակը CITES-ի դրույթներին, վայրի բնության ապօրինի շահագործումը կանխելու քայլերին ծանոթացումն է և ոլորտի մասնագետների վերապատրաստումը:

Դասընթացի մասնակիցներն են ՀՀ բնապահպանության և  գյուղատնտեսության նախարարությունների,  Շիրակ և Արարատ մաքսակետերի, Զվարթնոց օդանավակայանի, Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Վրաստանի բնապահպանության նախարարության, Երևանի կենդանաբանական այգու և FPWC հիմնադրամի աշխատակիցները: